ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Այսօրվանից Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտները կմիանան կոռուպցիայից զերծ, մաքուր Հայաստան կառուցելու գործին

Իրավաբանների հայկական ասոցիացիան այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կազմակերպել էր Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա միջոցառում։
Մեկնարկից առաջ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ-ում Շվեդիայի դեսպանատան քաղաքական հարցերով համակարգող Ռազմիկ Սարգսյանը, ինչպես նաև Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ և 6-րդ հոսքերի խորացված փուլն ավարտած շրջանավարտները, աշակերտական հակակոռուպցիոն ակումբների «Կոռուպցիան աշակերտների աչքերով» նկարչական և շարադրությունների մրցույթների հաղթողները:

Իր բացման խոսքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ այս դժվարին պայմաններում, «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվել է բարեխիղճ, ժամանակին և կարողացել է հասնել ծրագրային բոլոր արդյունքներին, որոնք նախանշված էին։ Ավելին` ձեռք են բերվել մի շարք հավելյալ արդյունքներ, որոնք այսօր անպայման կներկայացվեն այս միջոցառման ընթացքում:

«2020 թվականը դժվար տարի էր, COVID-19-ով պայմանավորված համավարակ, ադրբեջանական կոռուպցիոն և ավտորիտար ռեժիմի ու իր գործընկերների կողմից մեզ պարտադրած անարդար պատերազմ, դրա հետևանքով մեծաթիվ զոհեր, հաշմանդամություն ունեցող անձինք, փախստականներ:

Սիրելի երիտասարդնե’ր և աշակերտնե’ր, ծրագրի հաջողությունը նվաճվել է մեծապես ձեր շնորհիվ, քանի որ դուք գիտակցում եք ազնվության, բարեխղճության կարևորությունը, բարեխղճորեն ու ջանասիրաբար եք մոտեցել ծրագրի ընձեռած հնարավորություններին ու փորձել եք ծրագրից ստանալ առավելագույնը` հակակոռուպցիոն գիտելիքների, տեղեկատվության և կարողությունների տեսքով: Վստահ եմ, որ այսօրվանից սկսած ձեր լուման կներդնեք կոռուպցիայից զերծ, մաքուր Հայաստան կառուցելու մեր ընդհանուր գործին»,-նշեց նա:

ԻՀԱ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում Շվեդիայի դեսպանին` Շվեդիայի կառավարության կողմից «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրին ցուցաբերած աջակցության համար:

Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն իր խոսքում կարևորեց երիտասարդության ակտիվությունն ու մասնակցությունը նմանօրինակ նախաձեռնություններին, Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացված «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի արդյունքները գնահատեց որպես գոհացնող:

Պատրիկ Սվենսոնը հետաքրքրվեց նաև այն կոռուպցիոն մարտահրավերներով, որոնց հանդիպում են երիտասարդներն ամենօրյա կյանքում:

«Ես այստեղ նոր եմ և շարունակ սովորում եմ: Ինձ համար կարևոր է հասկանալ՝ ինչն է ձեզ անհանգստացնում, և ինչպես կարող է Շվեդիան, կամ առհասարակ միջազգային հանրություն օգտակար լինել Հայաստանին: Այս մասով կուզեի տեղեկացնել, որ շուտով կմեկնարկի դրամաշնորհների ծրագիր, որով երիտասարդ հայերին հնարավորություն կտրվի մասնակցել Շվեդիայում կազմակերպվող կրթական ծրագրերի»,- նշեց նա:

«Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրավաբան-օգնական Մարիամ Զաքարյանը ներկայացրեց հունիսից առ այսօր ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Նա շեշտեց, որ COVID-19-ով և պատերազմով պայմանավորված իրավիճակում աշխատելը մարտահրավեր էր, որը հաջողությամբ հաղթահարվեց:

«Այս պայմաններում կարողացանք ներգրավել 260 երիտասարդների և աշակերտների, ովքեր այսօր հակակոռուպցիոն կրթություն են ստանում Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակում: Ապահովված է ինչպես սեռային, այնպես էլ մարզային հավասար ներկայացվածությունը»,- նշեց նա:

Միջոցառման ընթացքում մարզային աշակերտական հակակոռուպցիոն ակումբների անդամների շրջանակում անցկացված «Կոռուպցիան աշակերտների աչքերով» խորագրով շարադրության և նկարչական մրցույթի հաղթողների աշխատանքները ներկայացվեցին, հավաստագրեր հանձնվեցին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին։

Ավարտական դիպլոմներ հանձնվեցին նաև երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5 և 6-րդ հոսքերի շրջանանավարտներին։ Ի լրումն, 6-րդ հոսքերի շրջանավարտները ավելի վաղ ներկաներին ցուցադրեցին իրենց խմբային կրթաթոշակների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները։