ԻՀԱ առցանց ուսուցման հարթակ
ALA E-Learning Platform

Տարբեր մասնագիտություններ ունեցող 22 երիտասարդ իրենց գիտելիքներն ու հմտությունները զարգացրին հակակոռուպցիոն պայքարի ոլորտում

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի արտագնա դասընթացն անցկացվեց հոկտեմբերի 21-25-ին։ Շիրակի, Լոռու, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից և Երևանից 22 երիտասարդներ իրենց հմտություններն ու գիտելիքներն ավելացրին հակակոռուպցիոն ոլորտում։

«Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, որն իրականացվում է Շվեդիայի կառավարության օգնությամբ, սկսվել է ամիսներ առաջ։ Խորացված դասընթացի ունկնդիրները նախ հաջողությամբ ավարտել էին էլեկտրոնային ուսուցման հարթակի դասընթացները, այնուհետև հնարավորություն են ունեցել մասնակցելու արտագնա դպրոցին, որն անցկացվեց Աղվերանում։

«Հակակոռուպցիոն դասընթացներն ինձ միշտ են հետաքրքրել, երբ տեսա, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան ևս կազմակերպում են նման դասընթաց՝ մեծ ուրախությամբ դիմեցի։

Էլեկտրոնային դասընթացը մասնակցության համար մատչելի էր, երբ ազատ ժամանակ էի ունենում՝ սովորում էի։ Դասընթացն ինձ տվեց ոչ միայն առավել խորացված գիտելիքներ կոռուպցիայի մասին, այլ նաև պրակտիկ փորձ ձեռք բերեցի»,-նշում է դասընթացի ունկնդիրներից Անի Սահակյանը, ով սովորում է Հայ-ռուսական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բաժանմունքում։

Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանող Կարեն Ղազարյանը Լոռու մարզից է։ «Ես, որպես երիտասարդ, ով կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը, ցանկանում էի հմտություններս զարգացնել ու բարձրացնել նաև իմ իրավագիտակցության մակարդակը՝ այդ ամենը հետագայում ծառայեցնելու մի նպատակի, որի անունն է կոռուպցիայի դեմ պայքար։ Ցավոք սրտի, Հայաստանում այդ պայքարն այնքան էլ արդյունավետ չէ, սակայն հույս ունեմ, որ այս դասընթացները և այն քաղաքականությունը, որը կառավարությունն իր առջև դրել է՝ կծառայի իր նպատակին ու մենք իսկապես կունենանք հակակոռուպցիոն լավ պայքար և արդյունքում կձերբազատվենք կոռուպցիայից»,-ասաց Կարեն Ղազարյանը։

Ջուլիանա Կարապետյանն անգլերենի մասնագետ է, Գիտությունների ազգային ակադեմիայի Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն բաժնի շրջանավարտ։ Նրա խոսքով՝ այս երկու ոլորտներն առողջ հասարակություն ստեղծելու համար ամենակարևորն են․ «Դասընթացից սպասելիքներիցս ավելին ստացա, այն ինչ պատկերացնում էի՝ պարզվեց նվազագույնն է։ Մեզ թվում էր, թե մենք մեծ պատկերացում ունենք կոռուպցիայի վերաբերյալ, բայց այդքան էլ այդպես չէր ու մասնագետներն այնպիսի մանրուքների վրա շեշտը դրեցին, որ քաղաքացիները դժվար թե մտածեն, որ կարելի է հենց նման հարցերի վրա ուշադրություն դարձնել, որոնք կարող են կոռուպցիայի համար հիմք հանդիսանալ»,-ասաց նա։

«Դասընթացին դիմել եմ իմ աշխատանքային բնույթով պայմանավորված, քանի որ ամեն օր գործ ունեմ պետական ատյանների հետ, վարչական մարմինների հետ, որոնք իրենց հայեցողական լիազորությունների շրջանակներում իրականացոնում են վարչարարություն և այդ վարչարարության արդյունքում մենք բազմիցս հանդիպում ենք կոռուպցիոն ռիսկերի։

Ոլորտը և դասընթացն այնպիսին է, որ ամենևին պարտադիր չէ լինել իրավապաշտպանության ոլորտում, առհասարակ քաղաքական, սոցիալական, բազմաթիվ այլ ոլորտներում մենք առընչվում ենք մեր ամենօրյա կենսագործունեության ընթացքում։ Ըստ էության այսպիսի ծրագրերը ոչ միայն պետք են, անհրաժեշտ են, այլ պետք է մասնակիցների շատ ու շատ լայն շրջանակ ընդգրկել ու ապահովել շարունակական բնույթ»,- նշում է դասընթացի մասնակից, իրավապաշտպան Վանատուր Շերենցը։

Խորացված փուլի ընթացքում իրենց գիտելիքներով կիսվեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետները: Տեսական դասընթացներից բացի ունկնդիրները կատարում էին գործնական աշխատանքներ։

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն ուսումնասիրեցին այնպիսի թեմաներ՝ ինչպիսիք էին․ հակակոռուպցիոն կրթությունը և հանրային մասնակցությունը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը ՏԻՄ-երում, հանրային ծառայողների գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման վերլուծությունը, ակտիվների վերադարձը՝ ըստ քրեաիրավական և քաղաքացիաիրավական ընթացակարգերի։